Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Եռիշխանությո՞ւն, թե՞ վիրտուալ համագործակցություն

Եռիշխանությո՞ւն, թե՞ վիրտուալ համագործակցություն
08.07.2008 | 00:00

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՈՒՄՈՎ
Հայաստանում այսօր անղեկավարելի-փխրուն կայունություն է: Եվ որքան էլ տարօրինակ է բոլորը դեռևս իրենց տեղերում են:
Իշխանությունը ձև է անում, թե ընկել հունի մեջ, երկրորդ սերնդի բարեփոխումներն է կյանքավորում. առայժմ` հարկա-մաքսա-կոռուպցիոներա-գերեզմանոցային ոլորտներում: Ընդդիմությունն իր ուժերն ու հնարավորություններն է տեղաբաշխում` պայքարի բալանսը պահելու համար: «Փարդի քամակում» նստած Քոչարյանը թոշակն է հաշվում` ալքիմիկ ռեակցիաներով, որպեսզի նրանից իշխանություն ստանա: Բայց` հերթով:
Ընդդիմություն: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյան-ընդդիմություն հարաբերությունները շատ հետաքրքիր են զարգանում: Թվում է, թե ոչ մի երկխոսություն չկա, ոչինչ նրանց մեջ տեղի չի ունենում, սակայն շատ հավեսով, երկուսով` Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, երկիրը բերում են «ռասկլադի», նույնիսկ այդպես` իրար հետ չխոսելով: Բայց թե վերջնական «կլադից» հետո ով առաջ կանցնի այս խաղի մեջ, ապագան և ղարաբաղյան խնդրում տեղի ունեցող զարգացումները ցույց կտան: Սակայն այն, ինչ այսօր անում է Տեր-Պետրոսյանը, ուղղակի անգնահահատելի է երկրի և նույնիսկ Սերժ Սարգսյանի համար. չենք կարծում, թե հաշվարկներից հասկացող Սերժ Սարգսյանը դա չի ընկալում: Անգամ դաշնակներն են որոշ բաներ հասկանում. օրերս ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանը ոչ ավել-ոչ պակաս հասկացրեց, որ իրենք դեմ չեն Քոչարյանին «տալուն». ձևակերպենք գրագետ` ընկեր Արտյուշան ասաց, որ ըստ ամենայնի` Քոչարյանը (Տեր-Պետրոսյանն էլ) «կկանչվեն» մարտի մեկի հանձնաժողով` պատասխանելու հանձնաժողովականներին հետաքրքրող հարցերին: Չմոռանանք` հանձնաժողովի աշխատանքային սեղանին դրված է օմբուդսմենի զեկույցը, ուր սևով-սպիտակի վրա գրված է` ուժային կառույցները գտնվում են երկրի նախագահի անմիջական վերահսկողության ներքո, ուստի միայն Քոչարյանը կարող էր մարտի մեկին հրաման արձակել: Անցանք առաջ:
Այո, ուրույն ձևաչափով է «երկխոսությունն» ընթանում Ս. Սարգսյան-Տեր-Պետրոսյան «տանդեմում»: ՈՒ թե առավել ճշգիտ լինենք, պետք է ֆիքսենք, որ առաջին նախագահը վիրտուալ անում է այն, ինչ պետք է վիզուալ աներ Սերժ Սարգսյանը. մաքրեր Քոչարյանից հետո մնացած ավգյան ախոռները` ավարտելով Քոչարյանի էրան մեզանում:
Իսկ այժմ խոսենք լրիվ անկեղծ. ոչ ոք, Լևոն Տեր-Պետրոսյանից բացի, չունի իրավունքների այն հավաքականությունը, որով կարող է պահանջել ձերբազատվել քոչարյանական ռեժիմից: Ոչ միայն որ ժողովուրդը Լևոնի հետևից պատրաստ է ողջ գիշեր «չափչփել» քաղաքամայր Երևանն ու գնալ մինչ աշխարհի ծագերը, այլև բոլոր առումներով (սրան կանդրադառնանք առաջիկայում):
Հիշենք և մեկընդմիշտ ֆիքսենք. Սերժ Սարգսյանն առանց այդ քայլի` քոչարյանական «մնացորդացից» ձերբազատման, ոչ մի տեղ չի կարող գնալ: Հակառակ դեպքը զրոյացումն է: Ընդ որում, հարցը միայն Քոչարյանի կադրերը չեն` Աղվան Հովսեփյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Գևորգյան…, որոնցից անկեղծորեն ազատվել երազում է նախ և առաջ ինքը` Սերժը: Հարցն առավել գլոբալ է. Ս. Սարգսյանի վերջին տարիների որդեգրումները ոչ մի կապ չունեն քոչարյանական որդեգրումների հետ թե՛ ղարաբաղյան, թե՛ հայ-թուրքական (տես Բրայզայի` խնդրո առնչությամբ հնչեցրած մտքերը ևս), թե՛ եվրաինտեգրման և թե՛ մի շարք այլ հարցերում: Եզրակացություն` հնարավոր չէ լինել ձևով քոչարյանական, բովանդակությանբ` «այլական»:
Կարճ կապենք. Տեր-Պետրոսյանից առավել զորեղ աջակից այս փուլում Սերժ Սարգսյանը չունի ու չի ունենա երբեք: Մնում է հասկանալ. ինչպե՞ս է Սերժ Սարգսյանն օգտվում օգնության այդ հզոր չափաբաժնից: Կարելի է պնդել` խիստ չափավոր և համամասնորեն, թե՛ ժամանակային, թե՛ առաջնահերթությունների առումով:
Այժմ անդրադառնանք Սերժ-Լևոն վիրտուալ համագործակցության միջանկյալ օղակին ևս: Եթե Քոչարյանի հարցում նրանք երկուսն էլ` մեկը բաց, մեկը՝ ինկուբացիոն ռեժիմով, նույն մտքին են, ապա Ղարաբաղյան հարցում գրեթե շատ չտարբերակվող նրանց մոտեցումներում ուժեղ կռիվ կա այն առումով, որ Ղարաբաղյան խնդիրը, ինչպես միշտ, այն կատալիզատորն է, որը գահ է արժենում, կամ գահին է բազմեցնում:
Տեր-Պետրոսյանը (եթե դարձյալ անկեղծ լինենք) հողում թաքցված այն «տաղանդն» է` (կոնկրետ դեպքում` աստվածաշնչյան փողի միավորը), որը կարող է կամ բազմացնել, կամ քչացնել այս խնդրում ցանկացած էֆեկտ, եթե այս երկու խաղացողները միմյանց հետ պայմանավորվեն, կամ չպայմանավորվեն:
Պայմանավորվելու դեպքում սա ահարկու ձևով թույլ չեն տա ոչ միայն քոչարյանական դպրոցի «շրջանավարտները», այլև պայմանավորվելն առանձնապես ձեռնտու չէ նաև Տեր-Պետրոսյանի համար. ասացինք` ինչու:
Էլ առավել բարդ է հարցը դրսի առումով։ Դուրսը, ինչպես տեսնում ենք, անում է ամեն ինչ, որպեսզի մի կողմից` Լևոնն ուժեղ լինի (ինչքան էլ Շարժման լիդերները նվնվում են Արևմուտքից), մյուս կողմից էլ չեն թողնում թուլանա Սերժը: Այդ նրա՜ համար է, որ «մեզ լա՜վ ուտեն» դրսի «կարմիր գլխարկները»:
Բայց եթե Սերժն ու Լևոնը կարողանան պայմանավորվել, ներքին ոչ մի արգելակ նրանց չի կանգնեցնի: Ընդ որում, հակազդեցության այս ձևն ամենահզոր խաղաթուղթն է, որ կարող է Հայաստանն այսօր դնել խաղասեղանին, մասնավորապես` դրսի, էլ չենք ասում` Քոչարյանի առումով (մեր «վոյինը» երևի էդ ժամանակ Հայաստանից հեռանա. կես տարի առաջ նա գնաց Հունաստան-Կիպրոս և տուն գնեց ծովեզրում` նեղ օրվա համար):
Ասենք գալիս է «ստորագրման» պահը, և Սերժն ու Լևոնը հրաշքով պայմանավորվում են Ղարաբաղի շուրջ սիմետրիկ և ասիմետրիկ քայլերի շուրջ. պետք է` հզոր ցույցեր են արվում, որ դուրսը տեսնում է` հայաստանյան ահավոր ուժեղ ընդդիմությունը չի համաձայնում էս-էս կետերի հետ, ու դրանք պետք է մի քիչ էլ վերանայվեն` հայանպաստ դառնալու համար… սա «հափփի էնդի»` ռոմանտիկ տարբերակն է: Առավել հակված ենք կարծելու, որ իշխանությունը կցանկանա «ստորագրման պահին» օգտագործել ընդդիմության բուռն բողոքները` ժամանակ շահելու համար, իր հերթին ընդդիմությունը «պահը» կօգտագործի` իշխանությունը վերցնելու համար:
Եթե չգա ստորագրման «պահը», Սերժն ու Լևոնը կկարողանան պայմանավորվել խորհրդարանական ընտրությունների շուրջ:
Ահա թե ինչու մեզանում այսօր փխրուն կայունություն է: Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը լրիվ չի «տրվում» Տեր-Պետրոսյանի քոչարյանա-ասացություններին: Ահա թե ինչու միանգամից բաց չի թողնում քաղբանտարկյալ տղերքին: Ահա թե ինչու առայժմ հապաղում է «Իրավունք դե ֆակտոյի» հարցերին պատասխանել` համարո՞ւմ եք ձեզ Տեր-Պետրոսյանի ընկերը, ինչպես նա է համարում…
Բանն այն է, որ հաշվելուց հասկացող Սերժ Սարգսյանը լավ գիտի, թե որն է Տեր-Պետրոսյանի գերագույն բրենդը: Անսպասելիությունը, որն էլ վայրկյանների ընթացքում ֆալստարտի է տանում ամեն բան;
ՈՒ հենց այդպես էլ կա: Տեր-Պետրոսյանը վերջին միտինգում բացել է իրենց քայլերի տեսանելի մասը: Անտեսանելին, ինչպես միշտ, պահել է մտքում: Գուցե Տեր-Պետրոսյանը գիտի, որ Սերժը, բոլոր դեպքերում, չի անսալու իր հորդորին, չի փորձելու առավել դինամիկ ու արմատական մոտեցումներ դրսևորել Քոչարյանի հարցում: Բայց որ Տեր-Պետրոսյանն ու իր թիմը հաջորդական քայլերում մոռանալու են Քոչարյանին ու «սեր անեն», ասել է` սկսելու են «քընընել» Սերժ Սարգսյանին` հրաժարականի հուժկու պահանջով, աներկբա է, որն էլ հաստատում է Տեր-Պետրոսյանի միտինգային ելույթը, իսկ մինչ այդ մեր աղբյուրներն էին շշնջում այդ մասին:
Այսպիսով. նախ` ինչու է հաջորդ հանրահավաքը նշանակված օգոստոսի մեկին, ինչը եղանակային թեժության առումով ուղղակի նոնսենս է: Մինչ կներկայացնենք օգոստոսի մեկի գլոբալ-տարածաշրջանային «պատճառները», տեղեկացնենք. հուլիսի չորսի միտինգում որոշված է եղել հայտարարել, որ Հայ ազգային կոնգրեսն արդեն միս և արյուն է ստացել և սկսում է գործել: Չհայտարարվեց: Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «ժառանգները» (ինչպես միշտ, սրանք մի քիչ դեմ են, բայց որ դեմ են, լրիվ կողմ են, ու որ լրիվ կողմ են, էն Չալոն կաղ է, Բդոն էլ` կույր… մի խոսքով` խիստ «ժառագաբար» ու ծեքծեքուն, ինչպես միշտ) համաձայն չեն:
Չէ՜, ոչ թե համաձայն չեն, այլ ասել են` սպասեք մեր համագումարը հուլիսի 11-ին լինի, կուսակցության նոր ղեկավար կազմն էլ թող որոշի` «Ժառանգությունը» մասնակցո՞ւմ է ՀԱԿ-ին, թե ոչ: Չնայած, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է` դուք հուլիսի 4-ին հայտարարեք ստեղծման փաստը, մենք հետո կմիանանք: Կոնգրեսի նախապատրաստական խորհուրդը կտրուկ դեմ է արտահայտվել այդ «բարձրաձայնումին», ասել է` կսպասենք ձեր համագումարն ավարտվի, դուք հռչակագիրը կստորագրեք` նոր:
Այո, ՀԱԿ հռչակագրի տեքստն արդեն իսկ պատրաստ է. այնտեղ հիմնականում ներառված են Կոնգրեսում Տեր-Պետրոսյանի առաջ քաշած սկզբունքները. ինչի համար է ստեղծվում Կոնգրեսը` սահմանադրական կարգը վերականգնելու, Շարժմանն ինստիտուցիոնալ ձև տալու, շտաբային տրամաբանությունից կանոնիկ կառավարման անցնելու համար: Սկզբունքներ, որոնց վրա այսօր կենտրոնացած է Համաժողովրդական շարժման ողջ ուշադրությունը, որպեսզի կարողանան ըստ ամենայնի ապահովել ընտրության ցիկլից պայքարի նոր ցիկլի անցման անհրաժեշտությունը: Ընդ որում, որքան էլ տարօրինակ, հռչակագիրը ստորագրելու է նաև մարքսիստը` օր ու մեջ «վոժակ» կորցնող-գտնող թափառական այդ վիկինգը` Դավիթ Հակոբյանը:
ՀԱԿ հռչակագիրը «կհրապարակվի» օգոստոսի մեկի միտինգի ժամանակ: ՈՒ հենց այդ պահից էլ սկսյալ կհզորանա ընդդիմության ճնշումն իշխանությունների վրա, և Շարժումը միտինգային տրամաբանությունից կանցնի ինստիտուցիոնալ գործունեության: Հիմնական և միակ թիրախը երկրում երկիշխանության հաստատումը կլինի. կստեղծվի ստվերային կառավարություն` իր ներկայացուցիչներով, որը քաղաքական-տնտեսական-«նեյրոլինգվիստիկ» հուժկու քայլերով կփորձի իրավիճակն իր վերահսկողության տակ առնել` գլխավոր խնդիր ունենալով Ս. Սարգսյանի հրաժարականը:
Բայց դե ոզնուն էլ է պարզ, որ ստվերային այդ կաբինետի գործուն լինելու միակ մեխանիզմը ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լինել :
Հասանք օգոստոսի մեկի գլոբալ նշանակությանը: Ռուսաստանը հարգարժան Ադրբեջանին` յուր Իլհամով, մեկ ամիս ժամանակ է տվել մտածելու. տալի՞ս է վերջինս յուր գազը` ահավոր գումար խոստացող Ռուսաստանին, թե՞ ձիու վրա է պահում ԱՄՆ-ին` յուր Նաբուկոյով հանդերձ: Այդ պատասխանից են կախված տարածաշրջանի զարգացումներն օգոստոսի մեկից հետո:
Այնպես որ օգոստոսի մեկից հետո կամ` «կնաբուկվենք», կամ` կունենանք ընդդիմություն-իշխանություն երկխոսություն:
Հակառակ դեպքում չի բացառվում, որ երկրում ունենանք ոչ թե երկիշխանություն, այլ եռիշխանություն` Քոչարյանով հանդերձ. նրա «խմորը» ոչ միայն երկ-, այլև եռ- ու քառ- ջուր քաշելու ընդունակությամբ է առլեցուն:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6982

Մեկնաբանություններ